Նախ և առաջ, համակարգչին պետք է սովորեցնենք մեզ հետ հաղորդակցվել: Համակարգիչները կարողանում են պատասխանել շատ տարբեր հարցերի, սակայն դրա համար մեզնից պահանջվում է նրան սովորեցնել, թե ինչպես «խոսի» մեզ հետ:
Python-ի հրամանները շատ ինտուիտիվ են և երբեմն շատ նման են անգլերեն լեզվին: Առաջին հրամանը, որին մենք կանդրադառնանք այս դասընթացում, print() հրամանն է:
Մենք կարող ենք օգտագործել print() հրամանը՝ ելքում տեքստ տպելու համար: Օրինակ, այս ծրագիրը տպում է Hi, my name is Python:
print('Hi, my name is Python')
Նկատենք, որ print() -ից հետո կա բացվող և վերջում փակող փակագիծ: Սա Python-ին ասում է, թե որտեղ է սկսվում և ավարտվում print հրամանը: Փակագծերի մեջ մենք կարող ենք տեքստ գրել, որը գտնվում է կամ մեկական չակերտների '' կամ կրկնակի չակերտների ներսում "" : Python-ի համար չկա տարբերություն՝ տեքստը գրված է մե՞կ, թե՞ երկու չակերտների ներսում։ Հետևյալ երկու ծրագրերը, օրինակ, լրիվ նույնն են․
print('Hello')
print("Hello")
Այս երկու ծրագրերն էլ ելքի մեջ կտպեն Hello :
Առաջին առաջադրանքը
Գրեք ծրագիր, որը կտպի Hi, I am starting to learn Python :
Սեղմեք RUN կոճակը՝ տեսնելու համար, ծրագրի աշխատանքի արդյունքը:
Սեղմեք SUBMIT կոճակը՝ ծրագիրը գնահատելու համար:
Եթե ամեն ինչ ճիշտ լինի, առաջին վարժությունը կդառնա կանաչ և կնշվի որպես ավարտված:
💡
Նկատի ունեցեք, որ ձեր ծրագրի արդյունքը պետք է լիովին համապատասխանի ակնկալվող արդյունքին: