Իրական ծրագրերի դեպքում շատ կարևոր են օգտվողի մուտքագրած տվյալները, քանի որ ծրագիրն աշխատում է՝ ըստ մուտքային տվյալների, հետևաբար, ծրագրի վերջնական արդյունքները կախված են օգտվողի մուտքագրած տվյալներից: Մինչ այժմ մենք դիտարկել ենք միայն այնպիսի ծրագրեր, որոնք տպում են ֆիքսված արդյունքներ:
print()-ն օգտագործվում է տպելու համար, իսկ input()-ն օգտագործվում է օգտվողից մուտքային տվյալներ ստանալու համար: Օգտվողը կարող է մուտքագրել իր անունը, հեռախոսահամարը, տեքստային հաղորդագրություն և այլն:
Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք գրել որևէ պարզ ծրագիր, որը կողջունի օգտվողին, մենք պետք է օգտվողի մուտքագրած տվյալը պահենք ինչ-որ փոփոխականում և հետագայում տպենք այն (փոփոխականների մասին ավելի մանրամասն կխոսենք մի փոքր ուշ).
name = input()
print('Hi', name)
Այստեղ ծրագիրը տպում է ֆիքսված տեքստը՝ Hi, որին հաջորդում է name փոփոխականում պահվող արժեքը: Եթե օգտատերը մուտքագրի Anna, ծրագիրը կտպի Hi Anna : Եթե օգտատերը մուտքագրի Simon, ծրագիրը կտպի Hi Simon: Այսպիսով, նույն ծրագիրը տպում է տարբեր արդյունքներ՝ կախված օգտատիրոջ մուտքագրած տվյալներից:
input()-ի միջոցով ստացված արժեքը վերագրվում է name փոփոխականին: Սա Python-ին հուշում է, որ օգտագործողի կողմից մուտքագրված տվյալը պահպանի name-ի մեջ: Դրանից հետո մենք կարող ենք name-ը տպել այնպես, ինչպես ցանկացած այլ տեքստ կամ թիվ: Ուշադրություն դարձրեք, որ փոփոխականում պահվող արժեքը տպելու համար մենք չենք օգտագործում չակերտներ․ փոխարենը, գրում ենք փոփոխականի անունը:
Առաջադրանք
Գրեք ծրագիր, որն օգտատիրոջը կողջունի Hello,-ով, որին կհետևի օգտատիրոջ անունը:
Ահա մի քանի օրինակներ, թե ինչպես պետք է ծրագիրն աշխատի տարբեր մուտքային տվյալների համար․
Մուտք
Ելք
Anna
Hello, Anna
Bob
Hello, Bob
Simon
Hello, Simon
Բացատրություն
Առաջին օրինակում ծրագիրը մուտքում ստանում է Anna և ելքում տպում՝ Hello, Anna.
Երկրորդ օրինակում ծրագիրը մուտքում ստանում է Bob և ելքում տպում՝ Hello, Bob.
Երրորդ օրինակում ծրագիրը մուտքում ստանում է Simon և ելքում տպում՝ Hello, Simon.
Նշում. Ծրագիրը յուրաքանչյուր թեստի համար աշխատում է առանձին։ Այսինքն, ամեն թեստի/օրինակի աշխատանքն առանձին է։