Նախորդ գլուխներում գործ ունեցանք փոփոխականների հետ, որոնք ներկայացնում են տվյալների առանձին տեսակներ, ինչպիսիք են` int, float, bool կամ str։ Python-ը հնարավորություն է տալիս նաև աշխատելու տվյալների ցուցակների հետ, որտեղ ներառված են տարբեր տեսակի տվյալներ: Python-ում ցուցակները լայնորեն կիրառվում են՝ ներկայացնելու տարրերի որոշակի հաջորդականությունը: Օրինակ՝ տարվա յուրաքանչյուր ամսվա օրերի համար կարող ենք ունենալ հետևյալ տեսքը.
january = 31
february = 28
march = 31
april = 30
may = 31
# ...
# ...
november = 30
december = 31
month_days = [31, 28, 31, 30, 31, ..., 30, 31]
Ձախ կողմի կոդում մենք ստեղծել ենք 12 տարբեր փոփոխականներ՝ յուրաքանչյուր ամսվա օրերի քանակին համապատասխան: Յուրաքանչյուր փոփոխական ներկայացնում է մեկ ամիս: Նույնը հնարավոր է նաև անել ցուցակի միջոցով (օրինակ՝ աջ կողմում): Այստեղ ցուցակը սկսվում է բացվող փակագծով [ և վերջանում փակվող փակագծով՝ ]: Ցուցակի տարրերն առանձնացված են ստորակետերով և յուրաքանչյուրը ներկայացնում է մեկ արժեք՝ այդ ամսվա օրերի քանակը:
Նշենք, որ ինդեքսավորումը սկսվում է 0-ից (ճիշտ այնպես, ինչպես տողերում): Շուտով մենք կտեսնենք, որ բազմաթիվ գործողություններ կատարվում են ճիշտ այնպես, ինչպես տողերի հետ կատարվող գործողությունները:
Ցուցակների տարրերը սովորական փոփոխականներ են: Նրանց հետ կարելի է աշխատել այնպես, ինչպես այլ փոփոխականների հետ: Օրինակ, եթե այս տարին նահանջ տարի է, մեզ անհրաժեշտ է փետրվարին ավելացնել 1: Դա կարելի է անել february += 1 կամ month_days[1] += 1-ով: Այդ երկու գործողությունները նույնական են:
Առաջադրանք
Հայտարարեք փոփոխական, որը կոչվում է alphabet։ Այն պետք է ունենա անգլերենի բոլոր մեծատառերը՝ alphabet = ['A', 'B', ..., 'Z']: Մուտքում տրված է մեկ ամբողջ թիվ՝ n: Ծրագիրը պետք է այբուբենով տպի n-րդ տառը: Հայտնի է, որ 1 ≤ n ≤ 26: