Ֆորմատ

Դասընթացը բաղկացած է տեսանյութերից, վարժություններից և խնդիրներից։ Որպես ծրագրավորման լեզու ընտրված է C++ -ը։ Բոլոր վարժությունների և խնդիրների լուծումները ստուգվում են ավտոմատ թեստավորման համակարգով։ Վարժությունը կամ խնդիրը համարվում է լուծված, եթե դրա բոլոր թեստերը ավարտվել են հաջողությամբ։

Տեսանյութեր

Տեսանյութերը կարճ են, ունեն միջինում 5-10 րոպե տևողություն։ Դրանք պատմում են ծրագրավորման հիմնական կոնցեպտների մասին, ինչպես նաև պարունակում են խնդիրների լուծման բազմաթիվ օրինակներ։

Վարժություններ

Վարժությունները նախատեսված են, որպեսզի գործնականում ամրապնդեք տեսանյութերի միջոցով սովորած կոնցեպտները։  Դասընթացը պարունակում է 100 -ից ավել վարժություններ։

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել վարժությունները։

Գոյություն ունեն տարատեսակ կայքեր և ռեսուրսներ (codewars, leetcode, codesignal, geeksforgeeks, HackerRank, և այլն), որտեղ բազմաթիվ սկսնակ և փորձառու ծրագրավորողներ ամեն օր լուծում են հազարավոր վարժություններ։ Այդ կայքերից մենք ընտրել, թարգմանել և ադապտացրել ենք ամենաբարձր վարկանիշ ունեցող վարժությունները։

Խնդիրներ

Խնդիրները, թերևս, դասընթացի ամենահետաքրքիր մասն են։

Խնդիրները կօգնեն ձեզ կապել ստացած գիտելիքները իրական իրավիճակների և կիրառությունների հետ։ Դուք ձեռք կբերեք իրական խնդիրներ լուծելու հմտություններ, ինչպես նաև կտեսնեք, թե ինչպես է համակարգչային գիտությունը կիրառվում կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել խնդիրները։

Դասընթացը կազմելիս մենք շատ մեծ ուշադրություն ենք տրամադրել հատկապես խնդիրների ընտրությանը։ Ուսումնասիրել ենք տասնյակ հեղինակավոր ԲՈՒՀ-երում դասավանդվող կուրսեր։ Արդյունքում առանձնացրել, ադապտացրել և կազմել ենք ավելի քան 20 կիրառական խնդիրներ։ Խնդիրները կազմելիս օգտվել ենք հետևյալ համալսարանների կուրսերից և ռեսուրսներից։

  1. Harvard CS50 - Հարվարդ համալսարանի ծրագրավորման ներածական կուրս։ Անվճար հասանելի է առցանց։ Համարվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող ծրագրավորման կուրսերից մեկը։

  2. Stanford Nifty Assignments - Հեղինակավոր SIGCSE համաժողովում ներկայացված համակարգչային գիտության լավագույն հանձնարարությունների արխիվ։ Արխիվը թարմացվում է ամեն տարի։

  3. https://www.engage-csedu.org/ - Ոչ առևտրային կազմակերպությունը կոչված է սատարել ուսուցիչներին՝ տրամադրելով տարատեսակ ուսումնական պլաններ, հանձնարարություններ, կիրառական խնդիրներ և իրական նախագծեր։

  4. Michigan State University CS1 - Միչիգանի պետական համալսարանի ծրագրավորման ներածական կուրս։

  5. Georgia institute of technology , Introduction to Computing - Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրավորման ներածական կուրս։ Ինստիտուտը գտնվում է ԱՄՆ լավագույն 10 ԲՈՒՀ-երի ցանկում։

  6. Utah University CS 1410 - Յուտա համալսարանի ծրագրավորման ներածական կուրս։

  7. Բազմաթիվ այլ առցանց ռեսուրսներ։

Օգտագործված սիմվոլներ (emoji)

🟢 🟡 🟠 🔴 սիմվոլները խորհրդանշում են վարժությունների/խնդիրների բարդությունը (պարզից մինչև բարդ)։

📽 - Տեսանյութ։

📒 - Տեքստային ինֆորմացիա։

🚩 - Հուշումը պարունակում կամ «գրեթե» պարունակում է վարժության/խնդրի լուծումը։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ տարբեր մարդիկ նոր գիտելիքների յուրացման պրոցեսում բախվում են ամենատարբեր դժվարությունների։ Այդ իսկ պատճառով որոշ խնդիրների և վարժությունների համար պատրաստել ենք տարատեսակ հուշումներ։ 🚩- սիմվոլը զգուշացնում է, որ հուշումը իր մեջ պարունակում է խնդրի լուծումը։

⏩- Կարող եք բաց թողնել դասը։ Տեսանյութերը պարունակում են վարժությունների լուծման բազմաթիվ օրինակներ։ Եթե վստահ եք, որ արդեն յուրացրել եք դասը, որոշ տեսանյութեր կարող եք բաց թողնել։

⏭ - Կարող եք բաց թողնել խնդիրը, եթե դժվարանում եք այն լուծել։

To check your solution you need to sign in
Sign in to continue